(սկիզբը` այստեղ)
Եվ նրանք կարգեցին քահանայապետներ, գլուխներ և առաջնորդներ՝ ամբողջ տիեզերքով մեկ քարոզելու, ավետարանելու և ուսուցանելու համար, որպես որ նրանց Տերը հրամայեց Սուրբ Հոգու առաջնորդությամբ:
ա. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Երուսաղեմի և պաղեստինցիների ամբողջական աշխարհի, սամարացիների և փղշտացիների և արաբացիների գավառների, Փյունիկեի և Կեսարիայի բնակիչների վրա ՀԱԿՈԲՈՍ Առաքյալը, որ եղավ եկեղեցու հրամանատարն ու առաջնորդը և Երուսաղեմում էր: Կառուցեց Սիոնը:
բ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ մեծ Ալեքսանդրիայի, Թեբայիսի, ողջ Եգիպտոսի և Փիլովինի ամբողջ աշխարհի վրա, մինչև Հնդկաստանի սահմանները՝ ՄԱՐԿՈՍ Ավետարանիչը, նա եղավ հրամանատար և առաջնորդ, կառուցեց եկեղեցիներ, նրանց մեջ կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:
գ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Հնդկաստանի և նրա շրջակայքում գտնվող ամբողջ գավառների վրա, մինչև վերջին ծովը՝ ԹՈՎՄԱՍ Առաքյալը, նա եղավ գլուխ և առաջնորդ, կառուցեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:
դ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Անտիոքի, ամբողջությամբ Սուրիայի և Կիլիկիայի և Գաղատիայից մինչև Պոնտոս՝ ՍԻՄՈՆ Վեմը, նա էր, որ Անտիոքի եկեղեցու հիմքը դրեց, եղավ գլուխ, առաջնորդ և քարոզող, հաստատեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ, այնտեղ մնաց մինչև այն ժամանակ, երբ Հռոմ ելավ Սիմոն կախարդի պատճառով:
ե. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Մեծ Հռոմ քաղաքի և ամբողջությամբ Իտալիայի, Իսպանիայի և Բրիտանիայի ու Գաղիայի և նրանց շրջակայքներում գտնվող աշխարհների վրա նույն ՍԻՄՈՆ Վեմը (Սիմոն կախարդին կործանելուց հետո), նա եղավ այնտեղ գլուխ և առաջնորդ, կառուցեց եկեղեցիներ, հաստատեց դրանք և դրանց շուրջը գտնվողները նույնպես, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:
զ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Եփեսոսի և Թեսաղոնիկեի և ամբողջությամբ Ասիայի, կորնթացիների ամբողջ աշխարհի, Աքայիայի և նրա շուրջ գտնվող աշխարհների վրա՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ Ավետարանիչը, նա, ով ընկավ Տիրոջ լանջով, նա իր առաջնորդությամբ այդ վայրերում կառուցեց եկեղեցիներ, եղավ գլուխ և քարոզիչ, կարգեց այդ եկեղեցիներում քահանաներ և պաշտոնյաներ:
է. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Նիկիայի և Նիկոդեմիայի, բյութանացիների աշխարհի, գուտացիների և նրա շրջակայքում գտնվողների վրա՝ ԱՆԴՐԵ Առաքյալը, Սիմոն Վեմի եղբայրը: Նա եղավ առաջնորդ, հրամանատար, գլուխ և քարոզիչ: Կառուցեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:
ը. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ Բյուզանդիայի, թրակիացիների ամբողջական աշխարհի և նրանց շուրջը գտնվող աշխարհների վրա մինչև Մեծ գետ, որը սահմանազատում է բարբարոսներից, ՂՈՒԿԱՍ Առաքյալը, այդ վայրերում կառուցեց եկեղեցիներ, կարգեց քահանաներ և պաշտոնյաներ:
թ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ ՈՒՌՀԱ (Եդեսիա) քաղաքի և ամբողջությամբ նրա շուրջը գտնվողներով, Մծբինի և Արաբիայի և Միջագետքին սահմանակից աշխարհների, և Հայքի վրա՝ ամբողջությամբ հյուսիսով և հարավով՝ ԹԱԴԵՈՍ Առաքյալը, որ մեկն էր տասներկու առաքյալներից, կառուցեց այդ վայրերում եկեղեցիներ, աշակերտ դարձրեց մարդկանց այդ բոլոր կողմերում, նրանց միջից կարգելով քահանաներ և պաշտոնյաներ:
ժ. Առաքյալներից քահանայության ձեռնադրություն ստացավ պարսիկների և պարթևների, ամբողջական Ասորեստանի և Խուժստանի, ամբողջությամբ Բաբելոնի շուրջը գտնվողների և Գեղերի վրա՝ մինչև դդացիների սահմանները, մինչև Գոգ և Մագոգ և այլ աշխարհներ էլ, որ նրանց շրջակայքում են՝ ԱԴԴԵ Կերպասագործը՝ աշակերտը ԹԱԴԵՈՍ Առաքյալի, նրա, որ բժշկեց ՈՒռհայի Աբգար թագավորին:
ժա. Իսկ Պողոս Առաքյալը աշակերտների հետ համահունչ շրջում և ընտանեաբար հոգում էր թե ծովում, թե ցամաքում և թե հեռավոր կղզիներում, հեթանոսների գտնված բոլոր կողմերում՝ հյուսիսում և արևելքում, հարավում և արևմուտքում՝ ամենուր լիացնելով Քրիստոսի Ավետարանով, եկեղեցու հիմքը հաստատելով, խրատում էր, կարգում քահանաներ և պաշտոնյաներ:
ժբ. Բայց նրանց ընկերները, ուրիշ առաքյալներ և առաքելակիցներ, հասան բարբարոսների տարաշխարհները և հեթանոսների հեռավոր աշխարհները, ըստ Մովսեսի այն մարգարեության, թե. «Հեթանոսների սահմանները մտցրեց Աստծո հրեշտակների թվի մեջ»: Եվ ըստ յոթանասուներկու լեզուների՝ Քրիստոսի կողմից պատգամավորներ, քարոզողներ և առաքյալներ առաքվեցին ողջ երկրի շուրջբոլորը, և տեղից տեղ շրջելով, քարոզում էին արքայության Ավետարանը այնպես, որպես աշտարակի ցրման ժամանակ էր, այն ժամանակ մարդիկ ցրվում էին, իսկ այժմ էլ Խաչի շնորհիվ, Սուրբ Հոգու ձեռքով՝ հավաքվում և միասնանում էին ճշմարիտ հավատի համար: Եվ սուրբ նշաններով, ճշմարիտ բժշկություններով մարդկանց բերում էին հավատի, դարձնում աշակերտներ, ուսուցանում էին, կառուցում եկեղեցիներ, կարգում քահանաներ և պաշտոնյաներ: Եվ ինչ նրանք էին անում, կատարում էին բարի անվամբ՝ հանուն Տեր Հիսուս Քրիստոսի: Եվ այսպես նրանց վարդապետության հետևից են ընթանում նաև նրանց աշակերտները՝ մինչև աշխարհի ավարտը:
Իսկ Ղուկաս Ավետարանիչը, որին շտապ գրառելու այս հանձնարարությունը եղավ, հոգաբարձությամբ գրեց նրանց առաքինություններն ու գործերը, պաշտամունքի կարգերն ու քահանայության օրենքները, և թե որ երկրի կողմերը գնաց նրանցից յուրաքանչյուրն առանձին: Շտապով և առանց հապաղելու այս ամենը գրի առավ Ղուկասը և տվեց Պրիսկայի և Ակյուղայի ձեռքը, որոնք իր աշակերտներն էին և մինչև իրենց մահվան օրը հարեցին նրան ճիշտ այնպես, որպես որ Պողոսին էին հարում Տիմոթեոսը, Տիտոսը և Արիստաքոսը, որ Լյուստրայում էր, Ոնեսիմոսը և Մնեոսը, որն առաքյալների առաջին աշակերտն էր, և Պողոսի այլ բազում աշակերտները, մինչև նրա՝ Հռոմ ելնելը, ուր նրա դեմ ելավ ոմն Տերտիղիոս, որն էլ նրան գլխատեց Ներոն կայսեր սուսերով: Նաև Պետրոսը նույն նահատակությունը կրեց Հռոմ քաղաքում: Նրանք այդպես նահատակվեցին՝ մե՜ծ պատվով, արժանի, ըստ իրենց գովաբանությունների:
Եվ քրիստոնյաները, տեսնելով բազմամբոխ մարդկանց մեծ նահատակությունը և նրանց խոստովանությունը, մեծապես գոհանում և օրհնում էին Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Եվ կատարում են նահատակների հիշատակը մեծ պատիվներով՝ ցնծությամբ և ուրախությամբ և միաբանությամբ տոները տոնում են հռոմեացիների բոլոր քաղաքներում: Նախ՝ Սիմոն Վեմի, երկրորդ՝ սուրբ Պողոսի և այդպես՝ կարգ ըստ կարգի և մյուս առաքյալների, նրանցից յուրաքանչյուրի անուններով կառուցելով սքանչելագործ վկայարաններ և կատարելով մեծապայծառ տոներ, որպես որ վայել է նրանց սրբությանը, փառավորելով ամենքի Տիրոջն ու Հայր Արարչին և ամենքին ստեղծող Միածին Աստծո Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին և ամենքին ուսուցողին և Մխիթարողին, ամենքին առաջնորդող Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամե՛ն:
Ո՞Վ ԷՐ ՂՈՒԿԱՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉԸ
Ղուկաս Ավետարանիչը Անտիոքից էր, արհեստով՝ բժիշկ: Քաջատեղյակ էր ասորերենին, եբրայերենին, հունարենին: Եվ երկրավոր բժիշկը լսելով Երկնավոր Բժշկի գործերի մասին, որ հրաշքով կույրին տեսողություն է շնորհում, քայլեցնում է կաղերին ու անդամալույծներին, կենդանացնում մեռելներին, ելավ-գնաց Նրա մոտ, լսածներն իր աչքով տեսավ ու հավատաց: Ապա դարձավ մերձակիցը Պետրոս և Պողոս առաքյալների, և երբ Մարկոսը և Բառնաբասը Կիպրոս գնացին, Ղուկասը Պետրոսի մոտ գնաց որպես գործընկեր և նրա հետ ճամփորդեց Հռոմ: Իսկ հետո, Պողոս առաքյալի հրամանով, եղավ Գաղղիայում, Իտալիայում, Դաղմատիայում և Մակեդոնիայում և որպես հոգևոր ու մարմնավոր բժիշկ՝ ամոքում ու հոգում էր հոտի կարիքները: Եվ առանց դեղերի, հրաշագործություններով՝ բժշկում էր հիվանդներին, շատերին այդպես վերադարձնելով Աստծո փարախը: Կրկին Պողոս Առաքյալի հրամանով էր, որ Ղուկասը գրեց իր անունով Ավետարանը: Գրեց ասորերենով: Տասը տարի անց գրեց նաև առաքյալների գործերի մասին, որ ուղղված էր Թեոպիլոսին: Առաքելական կանոնների վերջաբանից տեղեկանում ենք, որ Ղուկասը հրաման ստացավ գրի առնելու նաև եկեղեցու ընդհանրական կանոնները, որ առաքյալները սուրբ Հոգու առաջնորդությամբ միաբան կազմեցին առաքելության մեկնելուց առաջ՝ Վերնատան ժողովում: Ղուկասն ութսունն անց էր, երբ ավանդեց հոգին: Մարմինը գտնվում է Կ. Պոլսում և մինչև այսօր էլ նրա դամբարանի վրա բազմաթիվ հրաշքներ են կատարվում:
Սուրբ Ղուկասի մասին պատմում են, որ նա նաև ճարտար նկարիչ էր: Եվ առաջին անգամ Ղուկասն է, որ նկարել է Սուրբ Աստվածամորը՝ Հիսուս մանկանը գրկին: Այդ նկարը Պոլսից տեղափոխվեց Հռոմ, որտեղ մինչև այսօր էլ պահպանվում է (տե՛ս նկարը):
Գրաբարից փոխադրեց
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ